Ընթերցանյութ 1: Գումարը և դրա աղբյուրները
Նկարը՝ Յան Բրեյգել Կրտսեր, «Հարստության ունայնության այլաբանություն», 17-րդ դար
Ողջո՜ւյն, այսօրվա նյութը բաղկացած է 2 մասից և անդրադառնում է 2 թեմայի՝
1․ Պարտք և վարկ․ Որտեղի՞ց կարող ենք վերցնել գումար

Կարդալու ժամանակը՝ 10 րոպե
2․ Աշխատանքը, որպես գումարի աղբյուր

Կարդալու ժամանակը՝ 15 րոպե
Ի՞նչ ես կարծում՝ արդյո՞ք այսօր գումարը հասանելի է աշխարհում բոլոր մարդկանց։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
1970-ականներին պրոֆեսոր Մուհամմադ Յունուսը հաճախ այցելում էր Բանգլադեշի գյուղեր՝ գյուղական աղքատության վերաբերյալ իր հետազոտության շրջանակներում: Այս այցելություններից մեկի ժամանակ նա հանդիպեց մի կնոջ, ով բամբուկից աթոռներ էր պատրաստում։ Նա բացատրեց, որ ստիպված է եղել չնչին գումարներ վերցնել չափազանց բարձր տոկոսադրույքով, որպեսզի գնի իրեն անհրաժեշտ բամբուկը: Սա նշանակում է, որ թեև նա միայն մի փոքր պարտք է վերցրել, բայց ստիպված է եղել վերադարձնել շատ ավելին, քան վերցրել է՝ երբեմն կրկնակի կամ եռակի: Օրինակ, եթե նա 100 դոլար փոխառություն է վերցրել, ստիպված է եղել հետ վճարել 200 կամ նույնիսկ 300 դոլար: Այդ պատճառով նրա համար գրեթե անհնարին էր դարձել աղքատությունից խուսափելը կամ դուրս գալը։
Նա չէր կարող ավանդական բանկից վարկ ստանալ, քանի որ չուներ գույք, խնայողություններ կամ թանկարժեք իրեր, որոնք կարող էր առաջարկել որպես երաշխիք։ Երաշխիքը օգնում է բանկին վստահ լինել, որ նա կվերադարձնի վարկը։ Իսկ եթե չվերադարձնի, բանկը կարող է փոխարենը վերցնել դրված երաշխիքը: Ամեն ինչ արդար է, սակայն սա նշանակում է, որ ոչ բոլորը կարող են օգտվել բանկերից և նրանց տրամադրած գումարից։

Յունուսին խորապես հետաքրքրեց սա, և այս խնդիրը լուծելու համար նա որոշեց ստեղծել նոր տեսակի բանկ: 1983 թվականին նա հիմնեց Գրամին Բանկը (Grameen Bank), որը բենգալերեն նշանակում է «Գյուղի բանկ»:
1
2
Գաղափարը պարզ էր, բայց հեղափոխական. Տրամադրել փոքր վարկեր (միկրովարկեր) աղքատության մեջ գտնվող մարդկանց՝ առանց երաշխիքի գույք պահանջելու: Յունուսը նաև յուրօրինակ համակարգ է ներկայացրել, որտեղ վարկ ունեցող մարդիկ փոքր խմբեր են կազմելու: Խմբի յուրաքանչյուր անդամ պատասխանատու է իր վարկը մարելու համար, սակայն խումբը որպես ամբողջություն ցուցաբերում է աջակցություն և խրախուսանք՝ ստեղծելով համայնքում պատասխանատվության զգացում: Այս համակարգն այնքան լավ աշխատեց, որ վարկերի մարումները ունեցան շատ բարձր տոկոս՝ ապացուցելով, որ աղքատության մեջ գտնվող մարդիկ նույնպես վստահելի վարկառուներ են, եթե նրանց հնարավորություն տրվի:
3
Գրամին Բանկի շնորհիվ միլիոնավոր մարդիկ, հատկապես կանայք, ստացան փոքր վարկեր, որոնք թույլ տվեցին իրենց բիզնես սկսել կամ զարգացնել, բարելավել իրենց տները և իրենց երեխաներին ուղարկել դպրոց: Վարկը մարողների տոկոսը մոտ 98% էր, որը շատ ավելի բարձր էր, քան որևէ մեկի ակնկալիքը: Միկրովարկավորման գաղափարը տարածվեց աշխարհով մեկ՝ ոգեշնչելով այլ երկրներին ընդունել նմանատիպ մոդելներ։ Իր աշխատանքի համար պրոֆեսոր Յունուսը 2006 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ֆինանսական ներգրավվածության ավելի լավ աշխարհ ստեղծելու գործում իր ներդրման համար:
Մի անգամ, Բրուքլինում իր մայրիկի կլինիկա այցելելիս, Շիվանի Սիրոյան նկատեց, թե ինչպես է իր բժիշկ մայրը օգնություն ցուցաբերում ընկերներին և հարևաններին, նույնիսկ եթե նրանք չեն կարողանում անմիջապես վճարել: Շիվանիի մայրը վստահում էր նրանց, քանի որ անձամբ ճանաչում էր: Այս վստահությունը և անձնական կապը կտրուկ հակադրվում էին նրան, թե ինչպես են աշխատում բանկերը: Ձեզ վարկ տրամադրելու համար բանկերը սովորաբար դիտարկում են ոչ միայն ձեր երաշխիքը, այլև ձեր վարկային պատմությունը: Վարկային պատմությունը նման է հաշվետվության այն մասին, թե որքան լավ եք վերադարձրել նախկինում վերցրած գումարը և որքան պատասխանատու եք վարկերի նկատմամբ: Բայց ինչպե՞ս կարող են վարկային պատմություն չունեցող մարդիկ առաջին անգամ վարկ վերցնել: Ինչպե՞ս են նրանք համոզվելու, որ բանկը վստահում է իրենց:
Ոգեշնչված իր մոր մոտեցմամբ՝ Շիվանին ցանկանում էր վստահության նույն մակարդակը ստեղծել ամբողջ աշխարհում այն ​​մարդկանց համար, ովքեր չէին կարողանում վարկեր ստանալ միայն այն պատճառով, որ չունեն պաշտոնական վարկային պատմություն։ Շիվանին շուտով հասկացավ, որ խնդիրը հսկայական է։ Ամբողջ աշխարհում 2,5 միլիարդ մարդ, հատկապես զարգացող երկրներում, չունեին պաշտոնական ֆինանսական գրառումներ (վարկային պատմություն կամ ուղղակի բանկային հաշիվ): Առանց դրանց նրանք չէին կարող վարկեր ստանալ բիզնես սկսելու, արտակարգ իրավիճակների համար վճարելու կամ իրենց կյանքը բարելավելու համար: Սա հսկայական խոչընդոտ էր ֆինանսական աճի համար, որը շատ մարդկանց գցում էր աղքատության մեջ:
1
2
Որոշելով լուծել այս խնդիրը՝ Շիվանին հիմնեց Թալա (Tala) անունով ընկերություն (որը սկզբում կոչվում էր InVenture) և ստեղծեց նույն անունով բջջային հավելված։ Հավելվածն օգտագործում էր այն տվյալները, որոնք մարդիկ արդեն ունեին իրենց սմարթֆոնների վրա, նոր տեսակի վարկային միավոր ստեղծելու համար: Այն վերլուծում է այնպիսի բաներ, ինչպիսիք են, մարդկանց զանգեր անելու հաճախականությունը, հաղորդագրությունների ուղարկումը և այն վայրերը, ուր նրանք ամեն օր ճանապարհորդում են: Հավելվածը նաև ուսումնասիրել է հաղորդակցության ձևերը, օրինակ՝ որքան կանոնավոր կերպով է ինչ-որ մեկը շփվում իր ամենամոտ կոնտակտների հետ և որքան կազմակերպված է նրանց առօրյան: Այս տվյալները օգնում էին Թալային պարզել, թե արդյոք ինչ-որ մեկը վստահելի է և հավանական է, որ վերադարձնի վարկը, նույնիսկ եթե նրանք չունենան ավանդական վարկային պատմություն:
Արդյունքները շատ հետաքրքիր էին. Ընդամենը մեկ տարվա ընթացքում հավելվածը հեշտացրեց ավելի քան 200,000 վարկային գործընթաց Քենիայում, որտեղ շատ մարդիկ պայքարում են վարկ ստանալու համար: Զարմանալի է, որ վարկ վերցնողների ավելի քան 90%-ը մարում էր իրենց վարկերը՝ ապացուցելով, որ վստահությունն իսկապես կարելի է կառուցել նոր ձևերով: Այս վարկառուներից մեկը Ջենիֆեր անունով մի կին էր Նայրոբիից։ Նա իր վարկերն օգտագործել է երկու նոր սննդի կրպակներ բացելու համար: Հավելյալ եկամուտով նա ավելի շատ գումար է խնայել և վարկը փակելու ժամանակ նախատեսում էր բացել իր սեփական ռեստորանը: Տալայի շնորհիվ Ջենիֆերը և անթիվ ուրիշներ կարողացան վերափոխել իրենց կյանքը՝ ցույց տալով, որ նորարարական մտածողության դեպքում ֆինանսական ներգրավումը հնարավոր է բոլորի համար։
3
4
Իսկ որտեղի՞ց է գալիս գումարը։ Ինչպե՞ս է այն հայտնվում մարդկանց գրպանում։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Այսպիսով, փողը շարունակում է շրջանով շարժվել ստեղծվելուց դեպի աշխատանք, դեպի ծախսեր և նորից վերադառնում:
Գումարը տպվում է Կենտրոնական բանկի կողմից: Կենտրոնական բանկը նման է երկրի գլխավոր բանկին, որը վերահսկում է, թե որքան գումար կա տնտեսության մեջ և ապահովում է համակարգի կայունությունը:
Այն հոսում է դեպի բիզնեսներ, երբ նրանք վաճառում են ապրանքներ կամ ծառայություններ (օրինակ՝ սուրճ կամ կրթություն):
Այս ձեռնարկությունները վարձում են մարդկանց (ինչպես դուք, երբ աշխատանք եք ստանում), որպեսզի օգնեն նրանց ինչ-որ բան անել: Դրա դիմաց նրանք ձեզ գումար են վճարում ձեր աշխատանքի համար:
Դուք այնուհետև այդ գումարն օգտագործում եք ձեզ անհրաժեշտ կամ ուզած բաներ գնելու համար, օրինակ՝ սնունդ կամ խաղեր: Ձեր ծախսած գումարը վերադառնում է բիզնեսին, և ցիկլը շարունակվում է:

✅Ուռա՜, դու ավարտեցիր մաս 1-ը 😎

2011-ին, մի շոգ օր, Mercy Corps մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Թյադա Դ'Օյեն ՄակՔեննան և Գուգլ ընկերությունից Մեգան Սմիթը, քայլում էին Գազայի մարդաշատ փողոցներով: Նրանք եկել էին Գազա՝ տարածաշրջանին օգնելու ուղիներ գտնել, սակայն այն, ինչ տեսան, խորապես անհանգստացրեց նրանց։ Ամենուր, ուր նրանք նայում էին, երիտասարդները նստած էին առանց որևէ բան անելու. ոմանք հենված պատերին, մյուսները՝ հավաքված փոքր խմբերով, պարզապես ժամանակ էին անցկացնում: Նրանք որոշեցին զրուցել երիտասարդներից մի քանիսի հետ և իմացան, որ այս երիտասարդները ցանկանում են աշխատել և բարելավել իրենց կյանքը, բայց չունեն աշխատելու հնարավորություններ:
Գործազրկությունը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում, հատկապես այնպիսի հակամարտությունների գոտիներում, ինչպիսին Գազան է։ Աշխատանք ունենալը մարդկանց համար գումար վաստակելու և ընտանիքը պահելու ամենահուսալի միջոցն է: Սակայն Գազայում ավանդական աշխատատեղերը՝ հողագործության կամ ձկնորսության ոլորտում, անհետանում են հակամարտությունների և շրջափակումների պատճառով: Գազայի երիտասարդությունը բախվում է երկու հիմնական խնդրի.
  • չկան շատ տեղական աշխատատեղեր,
  • նրանք չունեն գիտելիքներ կամ հմտություններ, որոնք անհրաժեշտ են համաշխարհային աշխատաշուկայում մրցելու և աշխատելու համար:
1
2
Երկրորդ խնդիրը լուծելի էր թվում, և Մեգանն ու դոկտոր Մաքքեննան առաջարկեցին հետաքրքիր գաղափար՝ ստեղծել միջավայր երիտասարդության զարգացման համար, որպեսզի նրանք պատրաստ լինեն աշխատաշուկա մտնելուն: Ստեղծվեց Gaza Sky Geeks-ը (GSG): Նրանք նախագծեցին փաթեթ՝ օգնելու Գազայի երիտասարդներին ձեռք բերել իրենց անհրաժեշտ հմտություններն ու հնարավորությունները: Նախ, ուսանողները միանում են Կոդավորման ակադեմիային, որտեղ սովորում են արժեքավոր տեխնոլոգիական հմտություններ, ինչպիսիք են վեբ և բջջային հավելվածների մշակումը: Այս հմտություններով նրանք կարող են կամ միանալ Ֆրիլանս Ակադեմիային՝ առցանց աշխատանք գտնելու համար, կամ մտնել Ստարտ Ափ Աքսելերացիոն ծրագիր (Startup Accelerator), եթե ցանկանում են դառնալ ձեռնարկատեր: Երկու ճանապարհներն էլ տանում էին դեպի Գազայում տեխնոլոգիական համայնք կառուցելը, որտեղ երիտասարդները կարող են կիսվել գաղափարներով, համագործակցել, շարունակել սովորել և գումար աշխատել:
3
Իր ստեղծման օրվանից GSG-ը ուշագրավ հաջողությունների է հասել՝ նույնիսկ անկախ 2024 թվականի դեպքերին: Նախաձեռնությունը ստեղծել է ավելի քան 100 աշխատատեղ տեղական մակարդակում և զգալի եկամուտ բերել իր մասնակիցների համար: GSG-ի կողմից վերապատրաստված ֆրիլանս աշխատողները միասին վաստակել են ավելի քան 400,000 դոլար՝ ապացուցելով, որ նույնիսկ Գազայում հնարավոր է ֆինանսական կայունություն գտնել: Ստարտափ աքսելերատորն աջակցել է մոտ 30 ստարտափների, որոնցից մի քանիսը հաջողությամբ ապահովել են հիմնական ֆինանսավորումը և ներդրումները:
Երբ արդեն կա աշխատանք, ի՞նչը կարող է ազդել կյանքի որակի վրա։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Աշխատանքի առկայությունը դեռևս չի նշանակում, որ մարդիկ լավ են ապրում։ Օրինակ, Ճապոնիայում աշխատանքային մշակույթը ավանդաբար շատ պահանջկոտ է եղել։ Ընկերությունները դրդում են իրենց աշխատողներին ավելի շատ արտադրել՝ հավատալով, որ ավելի երկար աշխատանքը հանգեցնում է ավելի մեծ շահույթի (գումարի): Սա շատ աշխատողների հանգեցրել է սթրեսի: Վերջերս կառավարությունը ներկայացրեց արտաժամը սահմանափակելու ծրագիր, որպեսզի բարելավի աշխատանք-կյանք հավասարակշռությունը: Այժմ ընկերությունների հերթն է հետևել օրենքին և հավասարակշռել իրենց շահույթի ձգտումը իրենց աշխատակիցների բարեկեցության հետ։
2016 թվականին Ֆրանսիայի կառավարությունը նկատեց, որ թվային տեխնոլոգիաների պատճառով շատ աշխատողներ դժվարությամբ են «անջատվում» իրենց աշխատանքից։ Մարդիկ անընդհատ ստուգում էին աշխատանքային հաղորդագրությունները, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք պետք է հանգստանային տանը: Սա մեծ սթրես էր առաջացնում և դժվարացնում էր մարդկանց ազատ ժամանակը վայելելը: Հետազոտությունները ցույց տվեցին, որ աշխատողների 37%-ը աշխատանքային ժամերից դուրս օգտագործում էր աշխատանքի հետ կապված թվային գործիքներ, և նրանց 62%-ը ցանկանում էր ունենալ կանոններ և օրենքներ, որոնք կօգնեն խզել այդ կապը:

Խնդիրն այն էր, որ ղեկավարները շատ հետշությամբ կապ էին հաստատում աշխատողների հետ ցանկացած ժամի, ինչի արդյունքում թվում էր, թե աշխատանքն իրականում երբեք չի ավարտվել: Այս «էլեկտրոնային վզկապ»-ը հոգնեցնում էր մարդկանց՝ հանգեցնելով սթրեսի և աշխատանքի ու անձնական կյանքի վատ հավասարակշռության:
Այս խնդիրը լուծելու համար Ֆրանսիայի կառավարությունը 2017 թվականին ընդունեց «Անջատման իրավունք» օրենքը: Այս օրենքը աշխատողներին իրավունք էր տալիս անտեսելու աշխատանքի հետ կապված էլ. նամակները, զանգերը և հաղորդագրությունները իրենց սովորական աշխատանքային ժամերից դուրս:
1
2
Օրենքի ընդունումից հետո, Ֆրանսիայում շատ աշխատողներ հայտնել են կարծիքներ, որ ավելի շատ են կարողանում վայելել իրենց անձնական ժամանակը։ Այս հաջողությունը ոգեշնչել է այլ երկրների՝ Գերմանիային և Իտալիային դիտարկել նմանատիպ օրենքներ։
3
4
Օրենքը կառավարության կողմից ընդունված կանոն է՝ մարդկանց պաշտպանելու համար։ Կոնկրետ այս օրենքը ընկերություններից պահանջում էր սահմանել կոնկրետ ժամանակներ, երբ աշխատողներից չպետք է սպասել, որ արձագանքեն աշխատանքային հաղորդակցությանը:
Ինչպիսի՞ն կլինի քո կատարյալ աշխատանքային կյանքը։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Իտալիայի Սոլոմեո քաղաքում մի խաղաղ առավոտ Բրունելո Կուչինելին, ով շքեղ (luxury) նորաձևության ապրանքանիշի հիմնադիր է, նստած վայելում էր իր ընկերության մոտ գտնվող գեղեցիկ բլուրների տեսարանը: Ի տարբերություն նորաձևության ընկերությունների մեծ մասի, նրա բիզնեսը տարբերվում է՝ կենտրոնացած էր աշխատանքի և կյանքի հավասարակշռման վրա: Բրունելլոն հավատում է մի պարզ, բայց հզոր գաղափարի՝ պետք է հարգանքով վերաբերվել մարդկանց, գնահատել նրանց ժամանակը և կառուցել ընկերություն, որն օգնում է նրանց ապրել ավելի լավ կյանքով: Կուչինելին հասարակ մարդ չէ, այլ մոտ 2,2 միլիարդ դոլար կարողությամբ հաջողակ բիզնեսմեն, ում համար այս մեթոդը շատ լավ աշխատել է։

Նրա ընկերությունում աշխատանքի և կյանքի հավասարակշռությունը առաջնահերթություն է: Աշխատակիցներն աշխատում են առավոտյան 9-ից մինչև 17:30-ը, առանց ուշ գիշերվա կամ հանգստյան օրերի հերթափոխի: Բրունելոն կարծում է, որ երբ մարդիկ ժամանակ են ունենում իրենց ընտանիքի և նախասիրությունների համար, նրանք իրենց ավելի երջանիկ և ստեղծագործ են զգում։ Եվ երբ մարդիկ երջանիկ են, նրանք ավելի լավ են աշխատում: Նա կարծում է, որ լավ կյանքը աշխատանքից դուրս բերում է ավելի լավ արդյունքների աշխատավայրում:
1
2
Բրունելոն նաև խորապես հոգ է տանում համայնքի մասին: Իր Սոլոմեո քաղաքում նա ներդրումներ է կատարում հին շենքերը վերականգնելու, այգիներ ստեղծելու և քաղաքը գեղեցիկ պահպանելու համար: Նրա կարծիքով, աշխատանքը պետք է օգնի և՛ ընկերությանը, և՛ համայնքի զարգացմանը:

Արդյունքում նրա աշխատակիցները հավատարիմ են և գոհ։ Նրանք հպարտ են մի ընկերության մաս լինելով, որը գնահատում է նրանց բարեկեցությունը: Բրունելոի մոտեցումը ապացուցում է, որ ընկերությունը կարող է հաջողակ լինել՝ միաժամանակ հոգալով իր մարդկանց և նրանց շրջապատող աշխարհի մասին:
3
Բրունելոյի աշխատանքային-կյանքի հավասարակշռության գաղափարները կարո՞ղ են օգտագործվել այլ ոլորտներում: Ի՞նչը կարող է դժվարացնել այլ ընկերությունների համար դա անելը:
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։

✅Հիմա դու արեն գիտես ամբողջ նյութը։ Ապրե՜ս🥳

Made on
Tilda