Ընթերցանյութ 2։ Գումարը՝ որպես գործիք
Նկարը՝ Մարինուս վան Ռեյմերսվեյլե, «Փող փոխողները», 1548 թ
Ողջո՜ւյն, այսօրվա նյութը բաղկացած է 2 մասից և անդրադառնում է 2 թեմայի՝
1․ Ինչպե՞ս է գումարը ստեղծում գումար

Կարդալու ժամանակը՝ 15 րոպե
2․ Գումարի սխալ կիրառությունը

Կարդալու ժամանակը՝ 10 րոպե
Ի՞նչ ես կարծում՝ ինչքա՞ն գումար պետք է ունենաս, որպեսզի սկսես խնայել։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2008 թվականին, Անուշկա Ռատնայակենը աշխատում էր արևմտյան Աֆրիկայում միկրոֆինանսական ընկերությունում։ Աշխատանքի շրջանակներում նա հանդիպում էր ֆերմերների հետ։ Եվ մի այդպիսի հանդիպում դրդեց Անուշկային անել մի կարևոր քայլ։ Մի ֆերմերի հետ խոսակցության ժամանակ ֆերմերը հարցրեց, թե արդյոք նա կարող է վաղաժամկետ վերադարձնել իր վարկը՝ հաջորդ տարվա վարկը ծածկելու համար: Ֆերմերին հարցեր տալուց հետո Անուշկան հասկանում է, որ մանր ֆերմերների համար իրական խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ այն ապահով խնայելու դժվարությունը, քանի դեռ նրանք դրա կարիքը չունեն:
Շատ ֆերմերներ ապրում են օրական 2 դոլարից պակաս եկամուտով և իրենց գումարի մեծ մասը վաստակում են բերքահավաքի ժամանակ։ Բայց դրանք հաճախ սպառվում են մինչև սերմեր և պարարտանյութ գնելու ժամանակը՝ հաջորդ տնկման սեզոնի համար: Նրանք այստեղ-այնտեղ մի քիչ գումար են վաստակում՝ ձու և այծ վաճառելով կամ ուրիշի ֆերմայում աշխատելով։ Այնուամենայնիվ, ապահով տեղ չունեն իրենց խնայողությունները պահելու համար: Տանը փող պահելը ռիսկային է, քանի որ կարող է գողացվել կամ օգտագործվել այլ հրատապ կարիքների համար:
1
2
Տարվա ընթացքում իրենց գումարները ապահով խնայելու տարբերակ ունենալով՝ ֆերմերները կարող են հավաքել բավարար գումար տնկման սեզոնի նյութերը գնելու համար: Սա նրանց ֆերմաներն ավելի արդյունավետ կդարձնի և կօգնի ավելի շատ գումար վաստակել, ինչը կարող է բարելավել իրենց կյանքը և ընտանիքների ապագան:
Խնայողությունն այն է, երբ դուք մի կողմ եք դնում ձեր գումարի մի մասը՝ անմիջապես ծախսելու փոխարեն: Սա օգնում է ձեզ կուտակել գումար, որը կարող եք հետագայում օգտագործել այնպիսի կարևոր բաների դեպքում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, խոշոր գնումները, կամ, ֆերմերների դեպքում՝ սերմեր և պարարտանյութ գնելը: Պարբերաբար խնայելով՝ նույնիսկ փոքր գումարները կարող են ժամանակի ընթացքում ավելանալ՝ տալով ապագան պլանավորելու հնարավորություն:
Խնդիրը լուծելու համար Անուշկան հիմնադրեց myAgro-ն՝ շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն օգնում է ֆերմերներին խնայել փոքր գումարներ ամբողջ տարվա ընթացքում: Բանկի փոխարեն ֆերմերները օգտագործում են պարզ զրոյական քարտային համակարգ, որը նման է մարդկանց ամեն ամսվա սկզբում իրենց հեռախոսի համարներին գումար գցելուն: Ահա, թե ինչպես է այն աշխատում. ֆերմերները գնում են զրոյական քարտ տեղական խանութից, մաքրում են հետևի կողմը՝ ծածկագիրը բացահայտելու համար, և այնուհետև այն ուղարկում myAgro-ին: Սա զրոյական քարտից գումարը ավելացնում է myAgro-ի իրենց խնայողական հաշվին: Դրանով ֆերմերները կարող են մի փոքր գումար խնայել։
3
4
2021 թվականին myAgro ֆերմերներն աճեցրել են 177%-ով ավելի պարենամթերք՝ համեմատած այլ ֆերմերների, ինչը հանգեցրել է նրանց եկամուտների 35%-ով աճի: Դա պայմանավորված էր նրանով, որ նրանք սկսել են օգտագործել իրենց խնայողությունները՝ բարելավելու իրենց ֆերմաները և այն ավելի դիմացկուն դարձնել նաև կլիմայի փոփոխության նկատմամբ:
Ինչո՞ւ են խնայողությունները կարևոր և օգտակար։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Հարավային Կորեայում շատ ծնողներ խնայողական հաշիվներ են բացում իրենց նորածինների համար՝ որպես իրենց երեխաների ապագային պատրաստվելու միջոց: Գաղափարը պարզ է. ծնողները կանոնավոր կերպով գումար են մուտքագրում հաշվին (սա կոչվում է կուտակային ավանդ), և ժամանակի ընթացքում գումարը մեծանում է: Այդ խնայողական հաշիվին նաև ավելանում է դրած գումարի որոշակի տոկոսը, և որքան երկար է գումարը պահվում հաշվում, այնքան այն աճում է:

Երբ երեխան չափահաս է դառնում, նա կարող է գումարն օգտագործել այնպիսի կարևոր բաների համար, ինչպիսիք են կրթությունը կամ սեփական բնակարանը:
Այս խնայողությունների ռազմավարությունը նաև օգնում է պաշտպանել փողը գնաճից: Գնաճը ժամանակի ընթացքում սննդամթերքի, հագուստի և տների գները բարձրացումն է: Օրինակ, եթե այսօր ինչ-որ բան արժե 1000 դրամ, հաջորդ տարի գնաճի պատճառով այն կարող է արժենալ 1200 դրամ: Սա նշանակում է, որ նույն գումարով ապագայում ավելի քիչ ապրանքներ ենք կարողանալու գնել: Եթե ​​դուք պարզապես գումար եք պահում դարակում, այն կորցնում է արժեքը, քանի որ գները շարունակում են աճել: Բայց գումար դնելով խնայողական հաշվին, որը տոկոսներ է վաստակում, ծնողները կարող են համոզվել, որ իրենց խնայողությունները ժամանակի ընթացքում աճում են և հետևում են գնաճին:
1
2
Խնայողական հաշիվ շուտ բացելով ընտանիքներն հանգիստ են զգում՝ իմանալով, որ իրենց երեխաները գումար են ունենալու կյանքի կարևոր իրադարձությունների համար: Այն նաև սերմանում է ապագայի համար խնայողություններ անելու լավ սովորությունը՝ օգնելով երիտասարդներին խուսափել պարտքերի մեջ մտնելուց:
Բանկերում գումար ներդնելը հիանալի միջոց է ձեր միջոցները խնայելու և այն մեծացնելու համար, սակայն կարևոր է ստուգել, որ բանկերը վստահելի լինեն, և որ երկրի տնտեսական վիճակը կայուն լինի: Եթե ​​այս տարրերից որևէ մեկը ձախողվի, դա ռիսկեր է պարունակում ձեր խնայողությունների համար։
!
2013-ին Սթենֆորդի շրջանավարտներ Վլադիմիր Տենևը և Բայջու Բհաթը նկատեցին մեծ խնդիր. հարուստ ներդրողները հեշտությամբ մուտք էին գործում արժեթղթերի շուկա, մինչդեռ սովորական մարդիկ բախվում էին բարձր ծախսերի և բարդ գործընթացների: Արժեթղթերի շուկան վայր է, որտեղ մարդիկ կարող են գնել և վաճառել ընկերությունների փոքր մասեր, որոնք կոչվում են բաժնետոմսեր։ Եթե ​​ընկերությունը լավ գործի, ձեր բաժնետոմսերի արժեքը կարող է բարձրանալ, և դուք կարող եք գումար վաստակել՝ այն ավելի ուշ վաճառելով: Բայց եթե ընկերությունը լավ չի աշխատում, արժեքը կարող է նվազել, և դուք կարող եք գումար կորցնել:
Նրանք ցանկանում էին սա հեշտացնել սովորական մարդկանց համար։ Երկար աշխատանքից ու քննարկումներից հետո նրանք ստեղծում են Robinhood հավելվածը, որը հեշտ և հասանելի է դարձնում բաժնետոմսերի առքն ու վաճառքը բոլորի համար:
Robinhood-ը լուծեց ներդրումները դժվարացնելու խնդիրը՝ վերացնելով բարդ վճարները և ներմուծելով «կոտորակային բաժնետոմսեր»։ Սա նշանակում է, որ պետք չէ գնել մի ամբողջ թանկարժեք բաժնետոմս։ Դուք կարող եք ներդնել 1000 դրամից պակաս, որպեսզի ձեռք բերեք դրա մի փոքր մասը: Սկսնակների համար սա ամենամեծ սխալներից է, երբ նրանք ներդնում են մեծ գումար մի վայրում։ Իսկ այստեղ գումարը քիչ-քիչ բաշխվում է տարբեր ընկերությունների մեջ՝ ըստ ձեր կարողության։ Հավելվածը առաջարկում է նաև կրթական գործիքներ, որոնք կօգնեն սկսնակներին սովորել ներդրումներ կատարել:

Robinhood-ը միլիոնավոր մարդկանց, հատկապես երիտասարդ չափահասների համար հեշտացրել է ներդրումներ սկսելը: Սակայն այնուամենայնիվ, մինչ ինչ-որ բանի մեջ ներդրում անելը, պետք է երկար ուսումնասիրել։
1
2
Ո՞րն է ավելի ապահով՝ խնայողությունը, թե՞ ներդրումը։ Իսկ ո՞րն է ավելի եկամտաբեր։ Ինչո՞ւ։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2021 թվականին Նիգերիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Գոդվին Էմեֆիլեն նկատեց մի շատ կարևոր ​​խնդիր. միլիոնավոր նիգերիացիներ դեռևս չունեին բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն: Չնայած տարբեր ջանքերի՝ խնդիրը կար։ Էմեֆիլեն երկար մտածելուց հետո դիմեց իր նախկին դասընկերներին՝ Հարվարդի համալսարանից։ Նրանք սկսեցին հաճախ քննարկել տարբեր լուծումներ, որոնցում առանձնանում էր մեկ գաղափար՝ թվային արժույթ:

Էմեֆիլեն գիտեր, որ շատ նիգերիացիներ, հատկապես գյուղերում, չունեին բանկային հաշիվներ։ Դա նշանակում էր, որ նրանք սահմանափակ հնարավորություն ունեին գումար խնայելու, վարկեր ստանալու կամ ամենօրյա գնումներ կատարելու համար (սրանցից յուրաքանչյուրին մանրամասն կծանոթանանք հաջորդ շաբաթ): Այս խնդիրը լուծելու համար նա 2021 թվականին ներկայացրեց eNaira-ն՝ նոր թվային արժույթ: eNaira-ն թույլ էր տալիս մարդկանց փող ուղարկելու համար օգտագործել իրենց բջջային հեռախոսները և բանկի կարիք այլևս չկար։
1
2
Ի տարբերություն կանխիկ գումարի, որը մարդիկ կարող էին կորցնել կամ գողանալ, eNaira-ն ավելի ապահով էր: Օգտագործելով eNaira-ն, մարդիկ կարիք չունեին գնալ բանկ՝ գումար ուղարկելու կամ ստանալու համար. նրանք կարող էին ամեն ինչ անել իրենց հեռախոսներից: Դա բարձրացրեց միլիոնավոր նիգերիացիների ֆինանսական ներգրավվածությունը (դա այն է, երբ բոլորը կարող են օգտվել հիմնական ֆինանսական ծառայություններից, օրինակ՝ գումար խնայել կամ վճարել իրերի համար, նույնիսկ եթե նրանք բանկային հաշիվ չունեն):

Այն նաև գործարքներն ավելի արագ դարձրեց, էժան և ապահով: Փոքր բիզնեսները շահեցին ավելի ցածր ծախսերից և ավելի մեծ արդյունավետությունից՝ օգնելով Նիգերիայի տնտեսությանը:

Թեև eNaira-ն բախվեց որոշ մարտահրավերների, դա կարևոր քայլ էր միլիոնավոր մարդկանց կյանքը բարելավելու համար:
3

✅Ուռա՜, դու ավարտեցիր մաս 1-ը 😎

1630-ականներին Նիդեռլանդներում արտասովոր բան տեղի ունեցավ. բոլորը սկսեցին հետաքրքրվել կակաչներով, որոնք նորություն էին երկրի համար: Մարդիկ շատ էին ցանկանում գնել դրանք, և քանի որ շատ մարդիկ էին ցանկանում դրանք, կակաչները սկսեցին թանկանալ: Որոշ կակաչներ այնքան թանկացան, որ մեկ հատը կարող էր արժենալ այնքան, որքան տունը: Ինչպե՞ս է սա տեղի ունենում։

Սա առաջարկի և պահանջարկի բալանսն է: Կակաչների պահանջարկը շատ մեծ էր, քանի որ բոլորը կարծում էին, որ կարող են գնել կակաչներ և ավելի ուշ վաճառել այն ավելի մեծ գնով: Բայց կակաչների առաջարկը (քանակը) սահմանափակ էր, քանի որ կակաչների աճը ժամանակ է պահանջում և բոլորի համար բավարար կակաչ չկար: Երբ պահանջարկը մեծ է, իսկ առաջարկը՝ ցածր, գները բարձրանում են։ Ահա թե ինչու կակաչներն այդքան թանկացան։
Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ կակաչները իրականում չարժեն այդ խելահեղ գները: Մարդիկ դրանք գնում էին միայն այն պատճառով, որ կարծում էին, որ ավելի ուշ կարող են ավելի շատ գումար աշխատել, այլ ոչ թե այն պատճառով, որ ծաղիկները արժեքավոր են: Այս իրավիճակը կոչվում է «փուչիկ» ("bubble"): Շուտով մարդիկ հասկացան, որ կակաչներն իրականում այդքան չարժեն, և դադարեցրին գնել: Երբ պահանջարկն իջավ, գներն էլ արագ նվազեցին: Շատ մարդիկ, ովքեր մեծ գումարներ էին ծախսել կակաչների վրա, կորցրին ամեն ինչ, քանի որ չկարողացան վաճառել դրանք իրենց ակնկալած բարձր գներով:

Սա հայտնի է Կակաչների Մանիա անունով։ Սա լավ օրինակ է, թե ինչպես գումարը կարող են կիրառել որպես առևտրի գործիք, և ստեղծեն արհեստական պահանջարկ՝ բարձրացնելով գները։ Այսօր շատ ոլորտներ աշխատում են այս տրամաբանությամբ, ինչպես օրինակ Շանելի կամ Լուի Վիտոնի նման բրենդերը։
1
2
Ինչպե՞ս կարող են ֆինանսական գործիքները (վարկ, խնայողություն, և այլն) սխալ օգտագործվել։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2016 թվականին փորձառու ֆինանսական փորձագետ Սաբինա Սփոնը խորապես մտահոգված էր: Նա և իր Ասիական զարգացման բանկի թիմը հետևում էին հարավարևելյան Ասիայի տնտեսական պայմաններին, որտեղ փոքր քաղաքներն ու գյուղական գյուղերը բախվում էին աճող ճգնաժամի: Կամբոջայի և Ինդոնեզիայի պես երկրներում անթիվ ընտանիքներ ընկնում էին վտանգավոր ցիկլի մեջ: Նրանք պարտքով գումար էին վերցնում՝ հաճախ սննդի, շտապ բժշկական օգնության կամ դպրոցական վճարների համար, բայց շուտով հայտնվում էին իրենց պարտքով ծանրաբեռնված և չէին կարողանում մարել այն: Սա կոչվում է գերպարտք, որը մարդկանց թակարդում էր աղքատության մեջ՝ ամեն անցնող օրվա հետ ավելի դժվարացնելով նրանց կյանքը: Սփոնը գիտեր, որ ինչ-որ բան պետք է փոխվի, և արագ:
Հայաստանում այս խնդիրը նույնպես սուր է։ Հայաստանում մոտ 300,000 մարդ գերպարտք ունի։ Նրանք այնքան վարկեր են վերցրել, որ չեն կարողանում մարել։ Երբ գումար է մուտքագրվում նրանց բանկային հաշիվներին, կառավարությունն այն ավտոմատ կերպով վերցնում է նրանց պարտքերը մարելու համար: Քանի որ աշխատավարձերը վճարվում են անմիջապես բանկային հաշիվներին, այդ մարդիկ հաճախ հայտնվում են առանց բավարար գումարի՝ ապրելու համար: Սա նրանց համար չափազանց դժվար է դարձնում առողջապահական, կրթական և այլ կարևոր համակարգերի մաս լինելը: Արդյունքում՝ Հայաստանում 10 հոգուց մոտ 3-ը ֆինանսապես դուրս են մնում համակարգից՝ չեն ունենում հիմնական ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորություն։
1
2
Սփոնը ստեղծեց ՍՄԱՐԹ արշավը հենց այս խնդիրը լուծելու համար: Ահա թե ինչպես է այն աշխատում՝
  • Ֆինանսական կրթություն. Արշավը մարդկանց սովորեցնում է գումարը կառավարել: Սա ներառում է դասեր այն մասին, թե ինչպես բյուջե կազմել (պլանավորել, թե ինչպես ծախսել գումար), գումար խնայել և խելամտորեն գումար վերցնել: Սեմինարներ և ռեսուրսներ են տրամադրվում՝ օգնելու մարդկանց սովորել այս կարևոր հմտությունները:
  • Մարդկանց պաշտպանություն. Արշավը երաշխավորում է, որ վարկատուները (մարդիկ կամ ընկերություններ, որոնք վարկ են տալիս) արդար և ազնիվ են: Նրանք պետք է հստակ հասկանան, թե որքան կարժենա վարկը և համոզվեն, որ մարդիկ իրականում կարող են իրենց թույլ տալ վերադարձնել դրանք:
  • Հարմարեցված ֆինանսական գործիքներ. Արշավն առաջարկում է տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ՝ տարբեր մարդկանց կարիքները բավարարելու համար: Սա ներառում է խնայողական հաշիվներ, ապահովագրություն և ընտանիքի անդամներին գումար ուղարկելու ծառայություններ: Սա օգնում է մարդկանց ավելի լավ կառավարել իրենց գումարները և ավելի քիչ հիմնվել վարկերի վրա:

ՍՄԱՐԹ արշավը շատ հաջողակ էր: Դրա միջոցով ցածր եկամուտ ունեցող համայնքների մարդիկ սովորում են ավելի լավ կառավարել իրենց գումարները: Սա օգնում է նրանց խուսափել պարտքերի տակ ընկնելուց և բարելավում է նրանց ընդհանուր ֆինանսական առողջությունն ու անկախությունը:
3
4
Օրինակ, Հնդկաստանում նոր օրենքները սահմանափակում են, թե որքան գումար կարող են մարդիկ վերցնել որպես վարկ: Սա օգնում է նվազեցնել գերպարտքերի խնդիրը, քանի որ մարդիկ ցանկացած խնդրի համար չեն դիմում վարկի տարբերակին: Բանկերից պահանջվում է կրթել իրենց հաճախորդներին, ինչը նշանակում է, որ մարդիկ այժմ ավելի լավ ֆինանսական որոշումներ են կայացնում: Սա հանգեցնում է նրան, որ ավելի շատ մարդիկ հասան ֆինանսական կայունության և անկախության:
Ինչպե՞ս այսօրվա սովորած թեմաները կսովորեցնես դասընկերներիդ։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2024 թվականի առաջին կեսին, 14-ամյա Քեյդեն Հարիսը մի շատ կարևոր քայլ էր կատարել, որի արդյունքում հպարտորեն կանգնած էր մի վառ ներկված ավտոբուսի մոտ՝ Ատլանտայի կենտորնում: Ավտոբուսը զարդարված էր մետաղադրամների, դոլարի թղթադրամների և արժեթղթերի խորհրդանիշներով, իսկ ներսում լիովին կահավորված ֆինանսական գրագիտության դասասենյակ էր, որը լի էր կեղծ բանկով, բանկոմատով, և մթերային խանութով: Քեյդենը, որը յոթ տարեկանից հիացած էր ֆինանսներով, այժմ ղեկավարում էր մի շարժում, որը սովորեցնում էր մյուս երեխաներին իր սովորած հմտությունները և տարածում ֆինանսական գրագիտությունը:
Քեյդենը մեծ խնդիր էր նկատել իր համայնքում. շատ երեխաներ չէին հասկանում, թե ինչպես է աշխատում գումարը: Խնայողությունները, ներդրումները և բյուջետավորումը անծանոթ էին նրանց: Ուսումնասիրությունը նույնիսկ ցույց էր տվել, որ երիտասարդները, հատկապես աֆրոամերիկացի և իսպանախոս համայնքներից, չունեին հիմնական ֆինանսական գիտելիքներ, ինչը հանգեցնում էր գումարի վատ կառավարման և բաց թողնված հնարավորությունների ամբողջ կյանքի ընթացքում:
Նպատակ ունենալով սա լուծել՝ Քեյդենը ստեղծեց ֆինանսական գրագիտության ավտոբուսը։
1
2
Ավտոբուսը շարժական դասարան է, որը երեխաներին զվարճալի ու գործնական ֆինանսական դասեր է տալիս: Ընտանիքի օգնությամբ Քեյդենը 54 ուղևորանոց ավտոբուսը վերածել է ֆինանսական կրթության կենտրոնի։ Ներսում երեխաները կարող էին գումար դնել բանկում, բանկոմատից հանել այն, բաժնետոմսեր գնել կեղծ ընկերություններից և մթերքներ գնել՝ սովորելով տարբերել կարիքներն ու ցանկությունները: Քեյդենի նպատակն էր երեխաներին սովորեցնել գումարի արժեքը, խելացի ֆինանսական ընտրությունները և ֆինանսների մասին սկզբից մտածելու կարևորությունը:
Ավտոբուսը հարյուրավոր երեխաների սովորեցրեց, թե ինչպես ավելի լավ կառավարել գումարը: Շատերը սկսեցին խնայել իրենց շաբաթական գրպանի գումարի մի մասը, պլանավորված ծախսել և խոսել իրենց ծնողների հետ խնայողական հաշիվներ բացելու մասին: Իսկ Քեյդենը կանգ չառավ ավտոբուսի գաղափարի վրա։ Նա ստեղծեց նաև իր ընկերությունը՝ Caden Teaches-ը, որի միջոցով ստեղծեց կրթական գործիքներ՝ շարունակելով երեխաներին տալ ֆինանսական գիտելիքներ։
3
4

✅Հիմա դու արեն գիտես ամբողջ նյութը։ Ապրե՜ս🥳

Made on
Tilda